Այսօր՝ փետրվարի 21-ին, Ադրբեջան է այցելել Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին: Նույն օրը Հաթամիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Կողմերն անդրադարձել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության հարցերի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի նախագահականի հայտարարությունը այլ կարևոր տեղեկություն չի պարունակում: Իրանի պաշտպանության նախարարը պետք է մի շարք հանդիպումներ անցկացնի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Այսօր՝ ավելի վաղ, իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ամիր Հաթամին Ադրբեջան է այցելում այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով: Սակայն դեռևս նախարարների հանդիպման անցկացման մասին որևէ տեղեկություն չկա:
Նույն օրը Հաթամին հանդիպել է նաև Զաքիր Հասանովին: Կողմերը քննարկել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, անդրադարձել են նաև Արցախյան հակամարտությանը:
Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին: Քննարկվել են երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցեր:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ադրբեջանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի պաշտպանության նախարարն այդ երկրում կմնա մինչև փետրվարի 22-ը:
Ավելացնենք, որ Հաթամին Իրանի պաշտպանության նախարար էր նշանակվել 2017 թ. օգոստոսի 20-ին: