Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները ուղարկվել են Աֆրին

Փետրվարի 20-ին Թուրքիան նոր ուժեր է ուղարկել Սիրիայի Աֆրին ռազմական գործողություններին մասնակցելու համար: Իզմիր նահանգի Բորնովա գավառի ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 1200 հատուկջոկատային ներգրավվել է «Ձիթենու ճյուղ» գործողությանը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Թուրքիայի ժանդարմերիայից 1200 հատուկջոկատային ուղարկվել է Սիրիայի Աֆրին

Թուրքիայի ժանդարմերիայից 1200 հատուկջոկատային ուղարկվել է Սիրիայի Աֆրին

Բացի ժանդարմերիայի հատուկջոկատայիններից Աֆրին են ուղարկվել նաև ոստիկանության հատուկ նշանակության ուժեր: Փետրվարի 21-ին Վան նահանգի անվտանգության գլխավոր տնօրինության հատուկ նշանակության ուժերի 44 ծառայողից կազմված խումբը ուղարկվել է Աֆրին: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Աֆրինի ռազմական գործողություններին են միացել նաև «գյուղական պահապանները», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և Թուրքիայի տարածքում կռվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ: Ռազմական գործողություններին «գյուղական պահապաններին» ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է քրդերին հանել ընդդեմ քրդերի»:

Աֆրինում Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ հունվարի 20-ից: Սկզբում գործողություններին ներգրավված էին միայն Թուրքիայի զինուժի հատուկջոկատայինները և Անկարային աջակցող զինյալները, սակայն թուրքական կողմը աստիճանաբար մեծացնում է իր զորքերի թվաքանակը Աֆրինում՝ ներգրավվելով նաև ուժային այլ կառույցների զինծառայողներին:

Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին դանդաղ է առաջ ընթանում, միևնույն ժամանակ տալով մեծ թվով կորուստներ, այդ թվում՝ տեխնիկայի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *