ՀՀ պաշտպանության նախարարությունը կառավարության նիստի օրակարգ է ներկայացրել որոշման նախագիծ, որով ՀՀ ուժային կառույցների պարենային ապահովման չափաքանակներում ավելանում են նաև կարագին փոխարինող ապրանքներ (սփրեդ, միքս)՝ կարագին զուգահեռ: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի փաստաթղթերից:
Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության որոշման մեջ, որով սահմանվում է զինծառայողների պարենային ապահովության կարգը:
Ըստ փաստաթղթի՝ անհրաժեշտություն է առաջացել
- օրենքին կատարվող հղումները համապատասխանեցնել [վերջերս ընդունված] «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին,
- ինչպես նաև նախատեսել կարագին փոխարինող ապրանքներ՝ անձնակազմի մատակարարումները անխափան իրականացնելու նպատակով:
«Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի դրույթների իրացումը ՀՀ կառավարության գործող որոշման մեջ, ինչպես նաև կարագին փոխարինող ապրանքների մասով անձնակազմի մատակարարումների անխափան իրականացումը»:
Նշենք, որ վերջերս հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ որոշ ընկերություններ պաշտպանության նախարարությանը կարագի փոխարեն մարգարին են վաճառել: «Այսօր» լրատվակայքը հարցում էր ուղարկել ազգային անվտանգության ծառայություն և պարզել.
«ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ ՊՆ կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ «Մարգարին» և 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք նույնականացման են ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը»:
ԱԱԾ-ն նաև հայտնել է, որ պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս: