էրդողան. Մոտ օրերս թուրքական ուժերը կանցնեն Աֆրին քաղաքի շրջափակմանը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ավելի արագ տեմպով կանցնեն անմիջապես Սիրիայի Աֆրին քաղաքի շրջափակման գործողությանը: Անկարան սրանով նախատեսում է «կտրել քրդերի օգնությունը դրսից» և «թույլ չտալ, որ նրանք որևէ մեկի հետ ներսից առևտուր անեն»:  Հայտնում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը:

 

«Առաջիկա օրերին շատ ավելի արագ կերպով կանցնենք Աֆրինի կենտրոն քաղաքի շրջափակմանը: Այսպիսով և՛ քաղաքին ու շրջանին դրսից եկող օգնության առաջը կառնվի, և՛ ահաբեկչական կառույցը չի կարողանա ոչ ոքի հետ առևտուր անել», – հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Ահաբեկչական կառույց» ասելով էրդողանը ի նկատի ունի Սիրիայի քրդերի զինուժին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG):

Թուրքիայի նախագահի հայտարարությունից կարելի է առանձնացնել երկու հիմնական «ուղերձ».

  • YPG-ն «ոչ ոքի հետ չի կարողանա առևտուր անել»-ն ակնհայտորեն ուղղված է Սիրիայի իշխանություններին՝ հաշվի առնելով վերջին օրերին պտտվող լուրերը;
  • «Դրսից օգնություն չեն ստանա» արտահայտությունն էլ ակնհայտորեն ուղղված Միացյալ Նահանգների դեմ, քանի որ ԱՄՆ-ն Սիրիայում համագործակցում է քրդական այդ ուժերի հետ:

Այժմ փորձենք անդրադառնալ երկու ուղերձների համատեքստին:

Փետրվարի 18-ին Սիրիայի քդրերի հիմնական ուժի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» ներկայացուցիչը հայտնել էր, որ սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են հասել, և սիրիական ուժեր կմտնեն Աֆրին՝ թուրքերի հետ համատեղ պայքարելու համար: Փետրվարի 19-ին էլ սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնեց, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» մտնում են Աֆրին:

Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը այս տեղեկության հայտնվելուց հետո հայտարարել էր, որ «իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել»: Արդեն փետրվարի 20-ին էլ Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել էր, որ այս տեղեկությունը «քարոզչություն է», սակայն չի բացառվում, որ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն կա:

Միացյալ Նահանգների մասով, ըստ էության, որևէ նորություն չկա: Այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական նշված ուժերին, արդեն իսկ առնվազն 2-3 տարի է, ինչ հայտնի է: ԱՄՆ անմիջական միջամտությամբ Սիրիայում ստեղծվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որի մեջ մտնում են արաբական ուժեր, սակայն հիմնական ուժը հենց նշված քրդերն են: Թուրքիան պարբերաբար քննադատում է ԱՄՆ այս քաղաքականությունը, ինչը շարունակում է լարված պահել նատօյական երկու դաշնակիցների հարաբերությունները:

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Հավելենք, որ Թուրքիան Աֆրինի գործողությունը սկսել է հունվարի 20-ից: Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին մեծ թվով կուորստներ է կրել, այդ թվում՝ տեխնիկայի: Բացի այդ, Թուրքիայի կողմից հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են Թուրքիայի հովանավորյալ զինյալներ, որոնց կորուստների մասին չի հայտարարվում:

Թուրքիայի նախագահը ևս նշել է, որ գործողությունը «կարող է թվալ դանդաղ է առաջ գնում», սակայն դա փորձել է բացատրել նրանով, որ «իրենք չեն մտել ամեն բան քանդելու», «դաշտում գործողությունների պլանավորումը ժամանակ է խլում»: Այսպիսով, թեև Էրդողանը հայտարարում է, որ «մոտ օրերս» կանցնեն Աֆրին քաղաքի շրջափակմանը, սակայն թուրքական զորքերը դեռևս բավականին հեռու են Աֆրինի կենտրոնից ու բարդ է ասել, թե ինչքան ժամանկում տեսականորեն նման առաջխաղացում կարող են գրանցել թուրքական ուժերը:

Քարտեզի աղբյուրը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *