Փետրվարի 18-ի գիշերը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Իրաքի կառավարական ուժերի կողմից կռվող «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատների շարասյան վրա՝ սպանելով 27 մարտիկի: Հարձակումը եղել է Քիրքուք քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Իրաքի պաշտնական աղբյուրները հայտնել են, որ Իրաքի անվտանգության ուժերը հետապնդում են զինյալներին, որոնք հարձակվել են պրոկառավարական ուժերի մարտիկների վրա: Հարձակումը իրակացնելու համար իսլամիստ զինյալները ոստիկանական համազգեստ են հագել և ձևացրել են թե ոստիկան են:
According to Kirkuknow Hashd (PMF) forces in Saadounya in Kirkuk are blowing up some houses on the pretext of belonging to Daesh sympathizers following the clashes on Sunday in which 27 Hashd fighters were killed by Isis https://t.co/TrYVKAlMKX
— Fazel Hawramy (@FazelHawramy) February 20, 2018
Իրաքի կառավարական ուժերը Քիրքուքի լեռնային հատվածներում գործողություններ են սկսել փետրվարի սկզբին՝ նպատակ ունենալով վերահսկողություն սահմանել ճանապարհների վրա, որոնցով Իրաքի նավթը փոխադրվում է Իրան:
Նշենք, որ Իրաքը 2017-ի դեկտեմբերին հայտարարեց «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակի հասնելու և Իրաքը ազատագրելու մասին: Սակայն իսլամիստ զինյալների որոշ հատվածներ դեռևս շարունակում են գործել և երբեմն հարձակումներ են գործում Բաղդադում և Իրաքի այլ հատվածներում:
Հատկանշական է, որ Քիրքուքում իսլամիստ զինյալները ակտիվացել են քրդական ուժերին այնտեղից դուրս գալուց հետո: 2017-ի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե: Սակայն, հանրաքվեի արդյունքները չընդունելով, Իրաքի բանակը սկսեց գործողությունները քրդերի դեմ, որի արդյունքում քրդական ուժերի վերահսկած տարածքների մեծ մասը անցավ կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջակա բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր:
Այս պարտությունների ֆոնին, Իրաքյան Քրդստանի իշխանությունները որոշեցին 8 ամսով սառեցնել հանրաքվեի արդյունքները և նաև հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները, սակայն պաշտոնական Բաղդադը պահանջում է արդյունքների վերջնական չեղարկում: