2017 թվականի ընթացքում հակառակորդի գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 50 զինծառայող: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը՝ պատասխանելով Razm.info մասնագիտացված կայքի հարցմանը:
Փետրվարի 6-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն զինված ուժերում 2017 թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը հակառակորդի կատարած սպանություն էր, իսկ 53-ը` հակառակորդի կատարած սպանության փորձ:
Փորձեցինք ՀՀ զինվորական դատախազից պարզել.
- Արդյոք «Սպանության փորձ» հոդվածով գործերը հարուցվում են միայն այն դեպքում եթե կան տուժածներ, թե՞ գործ կարող է հարուցվել նաև այն դեպքում, երբ հակառակորդի գործողությունների հետևանքով ոչ ոք չի տուժել, բայց կարող էր տուժել (օր.՝ հրետակոծել են դիրքը, բայց ոչ ոք չի տուժել)։
- Արդյոք այս թիվը ենթադրու՞մ է, որ 2017 թվականին հակառակորդի գործողությունների հետևանքով զինված ուժերում վիրավորվել է առնվազն 53 զինծառայող:
Ի պատասխան, ՀՀ դատախազությունից մեզ հայտնեցին, որ.
- «հակառակորդի կողմից շփման գծում արձակած կրակոցների և հրետակոծությունների դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետերով քրեական գործերը հարուցվում են նկատի ունենալով դեպքի հանգամանքները, իրավիճակը և հակառակորդի ենթադրյալ դիտավորությունը: Հնարավոր են դեպքեր, երբ հակառակորդի նմանատիպ գործողությունների հետևանքով (օրինակ՝ դիրքի կամ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի հրետակոծություն) անձի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցվի և զոհեր կամ մարմնական վնասվածքներ ստացողներ չլինեն»:
- «2017 թվականի ընթացքում հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի 53 դեպքով մարմնական վնասվածք է ստացել 50 զինծառայող»:
Նշենք, որ ներկայում ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտնվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:
Razm.info-ն 2017 թվականին արձանագրել է 60 զինծառայողի մահվան դեպք Հայաստանի զինված ուժերում (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակը)։ Կորուստներից 25-ը մարտական են, 35-ը՝ ոչ մարտական։ Մարտական ենք համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։