Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը կշարունակի սեփական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարել Սաուդյան Արաբիային: Այս մասին վրացական «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին:
Ձոձուաշվիլին նաև նշել է, որ «Դելտան» մտադիր է զրահատեխնիկայից բացի Սաուդյան Արաբիա արտահանել նաև այլ արտադրանք:
«Դելտայի Մենեջմենթն ակտիվ աշխատում է նաև կենտրոնի արտադրած այլ արտադրանքների իրացման ուղղությամբ: Սակայն, քանի որ մենք իրավունք չունենք բացահայտել կոմերցիոն գաղտնիք պարունակող տեղեկությունը, մենք կխուսափենք պայմանագրերի վերաբերյալ հստակեցված տեղեկության տարածումից: Մենք աշխատում ենք մի քանի այդպիսի ուղղություններով, ինչպիսիք են բազմաֆունկցիոնալ զրահափոխադիրչները, հրթիռային համակարգերը, հրետանային կայանքներ, հակահրթիռային և անհատական պաշտպանության համակարգեր և այլն», — հայտարարել է Ձոձուաշվիլին:
Հիշեցնենք, որ սաուդներին հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին նախորդ պայմանագիրը (շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար) կնքվել էր 2015 թվականի դեկտեմբերին։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Didgori- Medevac, արդեն 2016 թ. հունվարի 30-ին ուղարկվել էր Սաուդյան Արաբիա։