Փետրվարի 14-ին Բրուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում առանձին հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Նուրեթթին Ջանիքլին և Ջիմ Մետտիսը: Կողմերը հիմնականում քննարկել են սիրիական ճգնաժամը:
Ըստ Reuters գործակալության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը կոչ է արել կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Սիրիայում ցանկացած տեսակի ահաբեկչական կազմակերպության վերակազմավորումը կանխելու վրա:
Brüksel'de Amerika Birleşik Devletleri Savunma Bakanı James Mattis ile bir araya geldik. pic.twitter.com/mj1VHst0Oo
— Nurettin Canikli (@nurettincanikli) February 14, 2018
Ըստ CNN Türk հեռուստաընկերության կայքի՝ Մետտիսը նաև նշել է, որ ԱՄՆ Թուրքիայի կողքին է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում: Այլ աղբյուրներում նմանատիպ հայտարարություն նշված չի:
Ավելի ուշ Թուրքիայի պաշտանության նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից պահանջել են դադարեցնել զենքի տրամադրումը և աջակցությունը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG): Հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Նշենք, որ նույն օրը Ջանիքլին նաև հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Հանդիպման մասին մանրամասներ չկան: Փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները պարբերաբար կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, որոնց Թուրքիան համարում է «ահաբեկչական կառույցներ»:
Ներկայում Թուրքիայի զինուժը, ժանդարմերիան և նրանց աջակցող Սիրիայի զինյալները ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: ԱՄՆ-ն պարբերաբար կոչ է արել Թուրքիային սահմանափակել գործողության մասշտաբները և էլ ավելի չէսկալացնել իրավիճակը: