Վրաստանը 9,5 մլն դոլար կհատկացնի ռազմական ավիացիայի թարմացման համար

Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ 2018-ին զինված ուժերի զարգացման ծրագրերի ուղղություններից մեկը լինելու է ռազմական ավիացիան: Պաշտպանության նախարար Լևան Իզորին հայտնել է, որ ավիացիայի թարմացման համար հատկացվելու է 23 մլն լարի (շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլար):

Նշենք, որ 2017-ի սկզբին Իզորիան հայտարարել էր, որ Վրաստանի ավիացիոն պարկը ժամանակակից իրողությունների պայմաններում անհեռանկարային է: Սրա ֆոնին ավիացիայի զարգացման հայտարարությունը տարօրինակ է հնչում:

Վրաստանը պաշտոնապես չունի ռազմաօդային ուժեր, դրանք որպես զորատեսակ վերացվել են 2010-ին, իսկ ռազմական ավիացիան հանձնվել է Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարությանը, որի շրջանակներում էլ ուղղաթիռային և ինքնաթիռային էսկադրիլիաների կազմով ձևավորվել է ավիացիոն բրիգադ:

Հետաքրքրական է, որ օրերս Թբիլիսիի ավիագործարանի տնօրեն Նոդար Բերիձեն հայտարարել էր, որ Վրաստանը աշխատում է խորհրդային Սու-25 գրոհիչի արդիականացված տարբերակի ստեղծման ուղղությամբ: Ինքնաթիռը կոչվելու է Ge-31 Bora, դրանք նախատեսում են վաճառել Ասիայի և Աֆրիկայի երկրներին 20-25 մլն ԱՄՆ դոլար գնով, սակայն Վրաստանի զինված ուժերի համար ինքնաթիռների մատակարարումների կամ արդիականացման համար խոսք չկար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *