ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայի հյուսիսում վերջին իրադարձություններով. Թիլլերսոն

Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված մնալ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձություններով և կոչ է անում կողմերին կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա: Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Քուվեյթի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: 

Թիլլերսոնը նաև ընդգծել է, որ իրենք տեղյակ են Սիրիայի հարցում Թուրքիայի անվտանգային մտավախություններին: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք ԱՄՆ-ից արդեն ոչ թե խոսքեր են ակնկալում, այլ իրական գործողություններ: Փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիային երկու ընտրություն է մնում. կամ հարաբերությունները կկարգավորենք, կամ առհասարակ կխզենք: Իհարկե փորձելու ենք կարգավորել», — հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․2018

Թուրքիան տանկեր է մտցնում Սիրիայի Աֆրին․ 21․01․2018

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պահել իր ռազմական ներկայությունը Սիրիայում «Իսլամական պետության» վերջնական ոչնչացման համար: Նա նշել է, որ այդ շրջանակներում շարունակելու են մարզել Սիրիայի «տեղական անվտանգային ուժերին»:

Սրանով Թիլլերսոնը, ըստ երևույթին նկատի է ունեցել արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), որի հետ ԱՄՆ համագործակցում է ԻՊ դեմ ռազմական գործողություններում: SDF կազմում կան նաև քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջակատների» (YPG) մարտիկներ:

Նշենք, որ ԱՄՆ աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին խիստ լարել է թուրք-ամերիկյան հարաբերությունները: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկիչներ» և մեղադրում ԱՄՆ-ին նրանց աջակցելու համար:

ԱՄՆ Պենտագոնի ներկայացրած 2019 թ. պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը տրամադրել 550 մլն դոլար:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Թուրքիայի բանակը Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում գործողություններ է սկսել քրդական ուժերի՝ YPG-ի դեմ: ԱՄՆ մի քանի անգամ իր մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրավիճակի էսկալացման հետ կապված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *