Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքի հյուսիսում PKK-ի ճամբարներին

Փետրվարի 14-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական օդուժը մասնավորապես հարվածներ է հասցրել Սինաթ-Հաֆթանին, Մեթինա, Գարա, Ավաշին, Բասյան շրջաններում տեղակայված PKK-ի ճամբարներին: Ըստ աղբյուրի՝ զինյալները փորձել են հարձակվել Թուրքիայի սահմանային ստորաբաժանումների վրա, թուրքական օդուժի հարվածներից ոչնչացվել է քրդական կառույցի 8 թիրախ:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքի հյուսիսային լեռնային հատվածներում PKK-ի դիրքերին, քանի որ այնտեղ են տեղակայված քրդական կառույցի հիմնական բազաներն ու ճամբարները:

Բացի Իրաքի հյուսիսից, Թուրքիայի ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները քուրդ զինյալների դեմ նաև երկրի արևելքում և հարավ-արևելքում:

Միևնույն ժամանակ, հունվարի 20-ից սկսած Թուրքիայի բանակը, արդեն նաև ժանդարմերիան և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը գործողություններ են իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ, որոնց թուրքական կողմը համարում է PKK-ի «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական կառույց»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *