Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի ռազմական գործողություններին միանում է նաև թուրքական ժանդարմերիան: Ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերն ուղարկվել են թուրք-սիրիական սահման: Այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաընկերության կայքը:
Ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը թուրքական արտադրության «Քիրփի» և «Կոբրա» զրահամեքենաներով հասել են երկրի հարավային Հաթայ նահանգի Քըրքհան գավառ, որտեղից էլ շարժվելու են դեպի սիրիական Աֆրին:
Մինչ այս Թուրքիան Աֆրինի գործողությանը ներգրավել էր միայն բանակի հատուկջոկատայիններին: Չնայած հիմնական ցամաքային ուժը Թուրքիայի հովանավորած զինյալներն են, սակայն բանակային հատուկ նշանակության ուժերը բավականին մեծ թվով կորուստներ էին կրում: Չի բացառվում, որ Թուրքիան որոշեց ներգրավել արդեն իսկ Թուրքիայի տարածքում տարիներ շարունակ քրդերի դեմ կռիվներում «եփված» ժանդարմերիային:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հաթայ նահանգից Սիրիայի Աֆրին ուղարկվել է «զրահամեքենաների, տանկերի» նոր խմբաքանակ: Թուրքական ԶԼՄ-ների Հրապարակած լուսանկարներում երևում է 26 միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա:
Թուրքիան Աֆրինում արդեն կորցրել է «Աթաք» ուղղաթիռ, տանկեր, ՀՄՄ-ներ: Բացի այդ, առնվազն 33 զինծառայողի կորուստ է ունեցել:
Աֆրինում Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող զինյալները Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի ճյուղավորում և նույնպես «ահաբեկչական կառույցներ»: