ՆԱՏՕ-ն պատրաստ է ընդլայնել Իրաքում զորքերի մարզման առաքելությունը. Ստոլտենբերգ

Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է քննարկել Իրաքում զորքերի մարզման ՆԱՏՕ-ի առաքելությունն ընդլայնելու մասին Միացյալ Նահանգների առաջարկը:Փոխանցում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջիմ Մետտիսը ՆԱՏՕ-ին նամակ է ուղարկել՝ կոչ անելով Իրաքում ստեղծել մարզման և խորհրդատվության առաքելություն: Դրա նպատակն է օգնել Իրաքի կառավարությանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմից հետո երկիրը վերականգնելու գործում:

Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ փետրվարի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կսկսեն ՆԱՏՕ-ի առաքելության ընդլայնման աշխատանքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պենտագոնի 2019 թ. ռազմական բյուջեի նախագծով նախատեսվում է «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրաքին հատկացնել 850 միլիոն դոլար: Բացի այդ, ըստ Պենտագոնի տվյալների՝ 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Միացյալ Նահանգները միայն Իրաքում  ունի 8892 զինծառայող:

Նշենք, որ 2017-ի դեկտեմբերին Իրաքի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին ԻՊ դեմ հաղթանակի և Իրաքի ամբողջ տարածք ազատագրման մասին: Սակայն, չի կարելի վստահ լինել, որ ահաբեկչական վտանգը Իրաքում վերջնակապես ոչնչացվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *