Վրաստանի ՊՆ-ն մայիսին կբացի մարտական պատրաստության նոր կենտրոնը

Վրաստանում՝ Թբիլիսիի մոտ, 2018-ի մայիսին բացվելու է մարտական պատրաստության նոր կենտրոնը, որը կառուցվում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ամերիկյան բազայի օրինակով: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկրի խորհրդարանի անվտանգության և պաշտպանական կոմիտեի նիստի ժամանակ:

Նոր կենտրոնը ստեղծվելու է Թբիլիսիի մոտ գտնվող «Վազիանի» բազայի հիմքի վրա և նման է լինելու Հոհենֆելս քաղաքում տեղակայված ամերիկյան բազային, որտեղ Աֆղանստան ուղարկվելու համար պատրաստություն են անցնում տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ:

Կենտրոնը կառուցվում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ: Վրաստանը կառուցման համար հատկացրել է 18 միլիոն լարի (~ 7,3 մլն ամերիկյան դոլար):

Մարտական պատրաստության կենտրոնը կառուցվում է Վրաստանի և ԱՄՆ միջև ռազմական ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսում է Վրաստանի պաշտպանական հնարավորությունների ընդլայնում: Հենց նոր կենտրոնում անցկացվելու է Վրաստանի ԶՈւ 9 գումարտակների պատրաստությունը՝ ամերիկացի հրահանգիչների ղեկավարությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *