ՌԴ ՊՆ-ն զինծառայողներին առաջարկում է հրաժարվել սոցցանցերից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է զինծառայողների՝ համացանցից օգտվելու կանոնների խորհուրդներ: Նրանց առայժմ առաջարկում են հրաժարվել սոցցանցերից, չհրապարակել ինֆորմացիա իրենց ծառայության վերաբերյալ: Այս օրենքներն առայժմ խորհրդատվական բնույթ ունեն: Սակայն, «Իզվեստիայի» տվյալներով, արդեն աշխատանքներ են տարվում այս ամենն օրենքով ամրագրելու համար: 

ՌԴ ՊՆ-ն նախատեսում է փոփոխություններ մտցնել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին», «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքներում: Այժմ ընթանում է երկրի ուժային կառույցներում այդ փոփոխություների համաձայնեցման գործընթացը:

Կանոններում նաև նշվում են մի շարք այլ խորհուրդներ, այդ թվում այն, որ միջազգային և միջկրոնական ատելություն սերմանող հրապարակումները կարող են «էական վնաս հասցնել Զինված ուժերի վարկին/հեղինակությանը»:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը խորհուրդ է տալիս զինծառայողներին նաև անջատել տեղորոշումը հեռախոսներում: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված Strava ընկերության բջջային հավելվածի հետ:

Ընկերությունը քարտեզ էր հրապարակել, որտեղ երևում էին հավելվածից օգտված անձանց GPS տեղորոշման միջոցով պարզված ավելի քան 13 տրիլիոն տարբեր կոորդինատներ: Ըստ որում այդ կոորդինատներով հնարավոր էր պարզել տարբեր երկրների զինված ուժերի ռազմաբազաների տեղակայման վայրերը՝ հետևելով դրանց անձնակազմի մարզումների երթուղուն՝ նույն հավելվածի միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *