Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը իր կորուստների և վիրավորների մասին տվյալներ է հրապարակել: Ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարի 20-ից մինչև փետրվարի 11-ը թուրքական բանակը Աֆրինում կորցրել է 31 զինծառայող և 143 վիրավոր: Վիճակագրությունը տեղադրվել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքում:
Թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաընկերության կայքի տվյալներով՝ փետրվարի 11-ի դրությամբ Թուրքիան ունեցել է 30 կորուստ: Նշենք, որ ըստ այլ բաց աղբյուրների, թուրքական կողմը Աֆրինում տվել է 33 զինծառայողի կորուստ: Զինծառայողների անունների փնտրման և համադրության արդյունքում պարզ է դառնում, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ առնվազն պաշտոնապես չի հայտնել 2 զինծառայողի կորուստի մասին:
Ընդ որում, թուրքական մամուլում Բացի մարդկային կորուստներից, Թուրքիայի զինուժը քրդերի դեմ գործողություններում կորցրել է նաև «Աթաք» ուղղաթիռ, Leopard տանկեր, հետևակի մարտական մեքենաներ:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն նաև հայտնել է, որ փետրվարի 3-ից 11-ը երկրի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է ևս 2 զինծառայող:
Աֆրինում Թուրքիայի զինուժը և Անկարային աջակցող զինյալները Սիրիայի քրդական «Ժողովորդվարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի ճյուղավորում և նույնպես «ահաբեկչական կառույցներ»:
Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք պարբերաբար թեժանում են՝ երկուստեք մեծ կորուստների պատճառ դառնալով: