Փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը:
Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Կորյուն Նահապետյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես պաշտպանության, անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում բարեփոխումների իրականացման, խորհրդարանական վերահսկողության գործիքների ու մեխանիզմների արդյունավետ կիրառման, հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդարանի ներգրավվածության ավելի ակտիվացման ուղղություններով:
Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հանձնաժողովի հետ հարաբերությունների զարգացմանը նշել, որ բրիտանական դեսպանությունը մտադրություն ունի ընդլայնելու եւ ավելի հստակեցնելու համատեղ ծրագրերը՝ հաշվի առնելով քաղաքականության առաջնահերթությունները: