Աֆրինում թուրքական բանակը կորցրել է ևս 2 զինծառայող

Փետրվարի 7-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի զինուժի ևս 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Ըստ աղբյուրի՝ քրդական ուժերը հակատանկային հրթիռներով և ականանետներով կրակել են թուրք զինծառայողներին Աֆրինի Բյուլբյուլ և Ալ Մասկի գյուղերի մոտակայքում:

Սպանված զինծառայողներն են սերժանտներ Օմեր Բիլալ Աքփընարը, Յունուս Էմրե Դողանը: Ըստ թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաընկերության կայքի՝ նույնը օրը վիրավորվել են Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 8 զինյալ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ փետրվարի 4-ի դրությամբ թուրքական բանակը Աֆրինում կորցրել է 15 զինծառայող: Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիայի բանակը կորցրել է նաև մի քանի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ:

Աֆրինի քրդական ուժերը նաև համալրում են ստացել Իրաքից եկած եզդիական ստորաբաժանումների կողմից:

Հունվարի 20-ից Թուրքիան սկսել է Աֆինում քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը, որին ներգրավվել են նաև Թուրքիայի հովանավորյալ զինյալներ: Առայժմ թուրքական կողմը Աֆրինում կարողացել է մի քանի գյուղ և բարձունք գրավել, ընդհանուր առաջխաղացումը բավականին դանդաղ է ընթանում՝ փոխադարձ հաջողություններով:

Աֆրինում թուրք-քրդական պատերազմի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *