Ռուսաստանն Իրաքին «շուտով» 46 միավոր Տ-90Ս կմատակարարի

Բաղդադում ՌԴ դեսպան Մաքսիմ Մաքսիմովը հայտնել է, որ Ռուսաստանը «շուտով» Իրաքին 46 միավոր Տ-90Ս տանկ կմատակարարի: Այս պահին «հաջողությամբ իրականացվում է» մատակարարման շուրջ կնքված պայմանագիրը:Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Տ-90Ս տանկ

Ռուսաստանյան կողմը «հուսով է» շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունն Իրաքի հետ նաև հետագայում:

«Հուսով եմ իրաքյան կողմից հայրենական [Ռուսաստանի՝ խմբ.] արտադրության զինատեսակների գնման նոր հարցումներ կլինեն: Դա վերաբերում է նաև Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներին», — Նշել է Իրաքում Ռուսաստանի դեսպանը:

Ըստ ՌԴ դեսպանի՝ Ռուսաստանն Իրաքին արդեն մատակարարել է մեծ քանակությամբ սպառազինություն, այդ թվում՝ Մի-35Մ, Մի-28Ն ուղղաթիռներ, Սու-25 գրոհիչներ, «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրներ և այլն: Դրանք կիրառվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում:

Հիշեցնենք, որ նախկինում Իրաքին Տ-90Ս-եր նախատեսվում էր մատակարարել 2017 թ.: Տանկերն արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 2016 թ. տարեկան հաշվետվությունում նշել էր, որ ընկերությունը Իրաքի հետ 73 միավոր Տ-90Ս/ՍԿ տանկերի վաճառքի պայմանագիր է կնքել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *