Փետրվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը ստացել են թուրք-իտալական համատեղ արտադրության ևս մեկ միավոր «Աթաք» (T-129 Atak) հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արտադրության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը:
Իսմայիլ Դեմիրը նշում է, որ թվով 29-րդ «Աթաք» ուղղաթիռն է հանձնվել: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ 2018-ի տարեսկզբից զինված ուժերին հանձնվել է 2 միավոր «Աթաք» ուղղաթիռ:
Türkiye’nin içinde ve dışında, her türlü hava koşulunda, gece gündüz terörle mücadelede aktif olarak kullanılan T129 atak helikopterinin 29.sunu Kara Kuvvetleri Komutanlığına teslim ettik. pic.twitter.com/8C5WoSzgjK
— Ismail Demir (@IsmailDemirSSM) February 5, 2018
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, Թուրքիայի ՊԱԳՎ-ն հայտնել է, որ երկրի ԶՈւ սպառազինության է հանձնվել 2 միավոր տեղական արտադրության ԱՆՔԱ-Ս անօդաչու թռչող սարք: Հիշեցնենք, որ 2017 թ. նոյեմբերի դրությամբ Թուրքիայի բանակում առկա է 5 միավոր «Անքա» ԱԹՍ, որից 2-ը հարվածային, 3-ը հետախուզական:
«Միլլիյեթ» պարբերականը նաև հաղորդում է, որ Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը և ռազմածովային ուժերին հանձնվել են նաև տեղական արտադրության Kargu («Քարգու») մահապարտ ԱԹՍ-ներ, թվաքանակը չի նշվում:
T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²:
2017 թվականից Թուրքիայում սկսեցին արտադրել նաև փոքր չափի մահապարտ ԱԹՍ-ներ, ինչի փորձը նախկինում չկար: Մայիսին Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ցուցադրվեցին «Ալփագու» և «Քարգու» դրոնները: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱԹՍ-ները նոյեմբերի վերջին կհանձնեն ուժային կառույցներին: Առայժմ այս ԱԹՍ-ները փորձարկվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներում: