Իդլիբում հարձակում է եղել թուրքական բազայի վրա. սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 5-ը

Փետրվարի 6-ին Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումները նռնականետներով և ականանետներով կրակել են Թուրքիայի զինված ուժերի «դիտարկման կետի» վրա. սպանվել է 1 զինծառայող, ևս 5 զինծառայող և 1 քաղաքացիական ծառայող վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հերթական խումբը ուղարկվել է Սիրիայի Իդլիբ նահանգ

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հերթական խումբը ուղարկվել է Սիրիայի Իդլիբ նահանգ

Թուրքական աղբյուրը չի նշում, թե կոնկրետ, որ խմբավորումն է կազմակերպել հարձակումը: Հարձակումը եղել է Իդլիբում թուրքական զինուժի թվով 6-րդ դիտարկման կետի վրա, որի կառուցման աշխատանքներ դեռևս ընթացքի մեջ են:

Նույն օրը ևս մեկ թուրք զինծառայող սպանվել է Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում:

Հիշեցնենք, որ մի շարք աղբյուրներից ստացված տեսանյութերի համաձայն՝ Թուրքիան զինված ուժերի ստորաբաժանումներ, ավտոշարասյուներ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ՝ Հալեպից հարավ ընկած Ալ-Էիս բնակավայր:

Իդլիբում թուրքական զինուժը արդեն մի քանի «դիտարկման կետեր» է ստեղծել: Ըստ թուրքական կողմի՝ դա արվում է Աստանում Սիրիայի հարցով Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնությամբ՝ Իդլիբում «ապաէսկալացման գոտի» ստեղծելու շրջանակներում:

Հիշեցնենք, որ Աստանայում կողմերը համաձայնվել են «ապաէսկալացման 4 գոտի» ստեղծել Սիրիայում, որից մեկը Իդլիբում: Այդ համաձայնություններից օգտվելով՝ Թուրքիան 2017-ի հոկտեմբերից զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ է ուղարկում Իդլիբ՝ դրանց մեծ մասը տեղակայելով Իդլիբ-Աֆրին սահմանին:

Այս տարվա հունվարի 20-ից թուրքական զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջեկատների» (YPG) դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *