Սիրիացի ուժայինների հաշվարկներով՝ այդ երկրում կռվող տարբեր հակաիշխանական զինյալ խմբավորումները ՌԴ ավելի քան 1500 քաղաքացու հավաքագրել են միայն համացանցի միջոցով. Փետրվարի 6-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Բաստիրկինը հանդիպել է իր սիրիացի գործընկերների հետ: Նրանք նշել են, որ Ռուսաստանի այդ 1500 քաղաքացին էլ կռվել են Սիրիայի կառավարության դեմ:
«Իզվեստիան» էլ իր հերթին հիշեցնում է, որ 2017 թ. ամերիկյան Soufan Center ընկերության հրապարակած տվյալներով՝ Ռուսաստանը ահաբեկչական խմբավորումների անդամների «խոշորագույն մատակարարն է». ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում է ՌԴ 3417 քաղաքացի: Սակայն ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այդ տվյալներն անվանել է ոչ վստահելի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մարտին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի շուրջ 2000-2500 քաղաքացի:
Այս մասով տվյալները միշտ էլ հակասական են եղել. 2017 թ. փետրվարին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Սիրիայում զինյալների կողմից իրենց 4000 քաղաքացի է կռվում:
Ամեն դեպքում պարզ է, որ 2011 թ. սկսած Ռուսաստանի առնվազն մի քանի հազար քաղաքացիներ անդամակցել են հատկապես Սիրիայում գործող ահաբեկչական, զինյալ խմբավորումների: Ռուսաստանը հենց նշվածը, ինչպես նաև նրանց վերադարձի վտանգն էր նշում որպես Սիրիայում ռազմագործողություն սկսելու հիմնական պատճառներից մեկը: