Փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Անար Մուրադլի Իլհամ օղլուն սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են Անար Մուրադլիի հարազատները:
Նրանց խոսքերի համաձայն՝ Մուրադլին ապրել է Ռուսաստանում, մի քանի տարի առաջ միացել է ահաբեկչական խմբավորումներին և մեկնել կռվելու Սիրիա: Որոշ ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվել է Ռաքքա քաղաքում, իսկ այնուհետև տեղափոխվել Իրաքի Մոսուլ քաղաք, որտեղ էլ սպանվել է Իրաքի օդուժի հարվածների արդյունքում:
Սպանված զինյալը Ադրբեջանի Զաքաթալայի շրջանից էր, ծնված՝ 1991 թվականին, ուներ Ռուսաստանի քաղաքացիություն: Ռուսաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել նրա նկատմամբ:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի: