Թուրքիայի զինված ուժերը նոր ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիայի Իդլիբ շրջան: Թուրքական կողմը նպատակ ունի Իդլիբի «անվտանգության գոտում» ստեղծել 4-րդ դիտարկման կետը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գորածակալությունը:
Ըստ աղբյուրի՝ թուրքական ստորաբաժանումները արդեն հասել են Իդլիբ: Թուրքիան արդեն 3 դիտորդական կետ է ստեղծել Իդլիբի տարածքում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել 12 դիտարկման կետ:
Ըստ թուրքական կողմի՝ դա արվում է Աստանայում սիրիական հակամարտության հարցում Ռուսաստանի և Իրանի հետ ձեռքբերված համաձայնությունների շրջանակներում:
Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսել է տեղակայվել 2017 թ. հոկտեմբերից: Թուրքիայի զինուժը ներկայում տեղակայված է Իդլիբի հյուսիսում՝ «քրդական» Աֆրինից հարավ:
Նշենք, որ 2018-ի հունվարի սկզբին Սիրիայի կառավարական բանակը հարձակում էր սկսել Իդլիբի ուղղությամբ, ինչն առաջացրել էր Թուրքիայի դժգոհությունը: Թուրքական իշխանությունները նույնիսկ Ռուսաստանից և Իրանից պահանաջում էին «կանգնեցնել Ասադի զորքերին:
Այս տարվա հունվարի 20-ից սկսած թուրքական բանակը և Անկարայի աջակցող զինյալները ռազմական գործողություններ են սկսել նաև Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ:
Ներկայում թուրքական կողմի վերահսկողության տակ է գտնվում նաև Սիրիայի Հալեպից հյուսիս՝ Ազազ-Ջերաբլուս հատվածը: Այդ տարածքները Թուրքիայի զինուժը գրավել է 2016-2017-ին իրականացված «Եփրատի վահան» գործողության ընթացքում: