ՀՀ ԱԻ նախարարը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:

Կողմերը քննարկեցին Մեծ Բրիտանիայի հնարավոր աջակցությունը համայնքային և մարզային մակարդակով աղետների ռիսկի գնահատման և նվազեցման, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքներին: Դիտարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները Եվրամիության շրջանակներում՝ կապված արդյունաբերական, քիմիական վտանգների խնդիրների հետ, ինչպես նաև երկկողմ և ՆԱՏՕ-ի շրջանակներում հետագա համագործակցությունը:

2017 թվականի հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացներ էին կազմակերպվել փրկարար ծառայողների համար:

Դրանց համատեքստում իրականացվել էր հայ-բրիտանական-ամերիկյան համատեղ վարժանք՝ «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացում և առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով:

ԱԻ նախարար Տոնոյանը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *