Իրաքի հյուսիսում PKK-ի հարձակման արդյունքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել

Փետրվարի 1-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են Իրաքի հյուսիսային Քանի Ռաշ շրջանում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանման վրա. արդյունքում սպանվել է 2 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին:

Հիշեցնենք, որ նույն օրը PKK-ի զինյալները Իրաքի հյուսիսային շրջաններից հարձակվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի սահմանային բազաներից մեկի վրա. արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 5-ը վիրավորվել է:

Հունվարի 31-ին Հայաստանին սահմանակից Աղրը նահանգում թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ևս 1 զինծառայող, 1 զինծառայող էլ վիրավորվել է: Այսինքն վերջին 2 օրում թուրքական բանակը PKK-ի հետ բախումներում ունեցել է 4 զինծառայող կորուստ, ևս 8 վիրավոր:

Թուրքիայի տարածքում թուրք ուժայինների և PKK-ի բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը: Բացի այդ, Թուրքիայի օդուժը ևս հարվածներ է հասցնում զինյալների դիրքերին:

Բացի Թուրքիայի տարածքից, թուրք ուժայինները ժամանակ առ ժամանակ գործողություններ են իրականացնում նաև Իրաքի հյուսիսային շրջաններում: Թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում:

Ներկայում, Թուրքիայի զինուժը ռազմական գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև YPG-ի դեմ, որոնց  համարում են PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույցներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *