Մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Այս մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցական ուժերի բարձրագույն հրամանատարության կայքում հրապարակված վարժանքների ցուցակից:
[Թարմացում. 02.02.2018] Զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու. այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վարժանքներն անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Խաղաղապահական գործողություններին աջակցություն ցուցաբերելու դաշտային փուլը լինելու է վաշտի մակարդակով:
Saber Guardian ամենամյա զորավարժությունն անցկացվում է 2013 թվականից: Նախորդ տարի վարժանքները անցկացվել են միաժամանակ Ռումինիայում, Հունգարիայում և Բուլղարիայում: Մասնակցել է 25 հազար զինծառայող, այդ թվում՝ 38 զինծառայող Հայաստանից և 150-ը՝ Վրաստանից:
Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ շղթայական զորավարժություններից է: Նույն շղթայում է նաև Վրաստանում անցկացվող Noble Partner զորավարժությունը:
Որպես Saber Guardian 2017-ի նպատակ էր հայտարարվել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումը: