PKK-ն Իրաքից հարվածել է թուրք ուժայիններին. 1-ը սպանվել է, 5-ը՝ վիրավորվել

Փետրվարի 1-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Իրաքի հյուսիսային շրջաններից հարձակվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի սահմանային բազաներից մեկի վրա. արդյունքում սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 5-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Ըստ թուրքական կողմի՝ քուրդ զինյալները հրթիռներ են կիրառել թուրք ուժայինների ուղղությամբ: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Թուրքիայի ուժայինները գործողություններ են սկսել քուրդ զինյալների դեմ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հայաստանին սահմանակից Աղրը նահանգում թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ևս 1 զինծառայող, 1 զինծառայող էլ վիրավորվել է:

Թուրքիայի տարածքում թուրք ուժայինների և PKK-ի բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը: Բացի այդ, Թուրքիայի օդուժը ևս հարվածներ է հասցնում զինյալների դիրքերին:

Բացի այդ, հունվարի 20-ից սկսած, Թուրքիայի զինուժը ռազմական գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև YPG-ի դեմ: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույցներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *