ՌԴ ՊՆ-ի դուստր ձեռնարկությունը «թանկ է նստել» Ռոսօբորոնէքսպորտի վրա. ≈35 մլն դոլարի յուրացում

ՌԴ ՊՆ-ին կից գործող «224-րդ թռիչքային ջոկատը» Սիրիա և այլ երկրներ զենքի փոխադրման համար մի քանի անգամ ավել գումարներ է «պոկել» Ռոսօբորոնէքսպորտից: Նույն պետական ընկերությունը նաև զբաղվում է Ռուսաստանի պետական առաջին այրերի համար լոգիստիկ ավիափոխադրումներով: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականի կայքը:

Իլ-76 բեռնատար ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Իլ-76 բեռնատար ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Գործով սկսված հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ընկերության փոխտնօրեն Դմիտրի Նովիցկին: Նա և առհասարակ նշված ընկերությունը, մեղադրվում են ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ռազմարդյունաբերական կոնցեռնից լոգիստիկ փոխադրումների համար մի քանի հարյուր միլիոնից մինչև 2 մլրդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 35.5 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ գումար յուրացնելու համար:

Ըսт «Կոմերսանտի»՝ այս գործով անցնող կարևոր անձանցից մյուսը Կոնստանտին Վարդանովն է՝ ընկերության նախկին տնօրենը:

«224-րդ թռիչքային ջոկատը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության դուստր ձեռնարկություն է: Այն հիմնականում զբաղվում է ՌԴ ռազմական կարիքների համար դեպի Վիետնամ, Աֆղանստան, Սիրիա, Ալժիր, Եթովպիա, Կամբոջա և այլ երկրներ ռազմական ու երկակի նշանակության բեռների փոխադրմամբ՝ իր ավիապարկում ունենալով Իլ-76ՄԲ և Ան-124-100 բեռնատար ինքնաթիռներ:

Նախնական տվյալներով պարզվել է, որ ընկերությունը բեռնափոխադրումների համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է պահանջել և յուրացրել դրանք: Քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *