Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մարտավարական վաշտային խմբի մարտավարամասնագիտական մեկշաբաթյա վարժանքների ընթացքում մոտոհրաձիգները հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակումը: Անցկացվել են նաև ինժեներական ստորաբաժանումների վարժանքներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Երկու զորավարժությունն էլ անցկացվում են Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում:
Մարտավարական վաշտային խումբը 100 կմ երթից հետո դիրքեր է զբաղեցրել «Ալագյազում» և խաղարկել կրակային պատրաստության, պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի աչնչացման գործողություններ: Վարժանքներին ընդհանուր առմամաբ ներգրավվել են ավելի քան 2 հազար զինծառայող, 500 միավոր զինտեխնիկա:
Կիրառվել են հրազենային զինատեսակներ, տանկեր, հրետանի, զենիթահրթիռային համալիրներ, ներգրավվել է նաև ռազմական ավիացիա, կործանիչներ: Ստորաբաժանման գործողությունները վերահսկել են անօդաչու թռչող սարքերի միջոցով:
ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաբազայի ինժեներներն իրենց հերթին ապահովել են շարասյան անվտանգ տեղաշարժը: Նրանք իրականացրել են ճանապարհին պայթուցիկ սարքերի որոնման, չեզոքացման գործողություններ. Ներգրավվել են շուրջ 50 զինծառայող, 30 միավոր հատուկ տեխնիկա: