ԱԱԽ-ն հավանություն է տվել բանակի արդիականացման 7-ամյա ծրագրին

Այսօր՝ հունվարի 31-ին, անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Անվտանգության խորհուրդը քննարկման արդյունքում հավանություն է տվել ներկայացված մոտեցումներին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրանց ու ներկայացնել նախագահի հաստատմանը:

Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության կողմից մշակված՝ ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որի մշակման մասին հանձնարարականը Նախագահը տվել էր 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաև պաշտպանության նախարարությունում:

«…Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նիստում հավանություն է տրվել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացից ձեռք բերված արդյունքներին և հանձնարարվել է կառավարությանը՝ սահմանված կարգով շարունակել դրանց իրականացումն ու ապահովել տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացը:

2017-ի նոյմեբերի 1-ին պաշտպանության նախարարը ներկայացրել էր յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք են՝

  1. օրենսդրական դաշտի ձևավորում;
  2. զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր;
  3. կառավարման արդյունավետության բարձրացում;
  4. մասնագիտական գրավչության բարձրացում (այդ թվում՝ ռազմական կրթություն);
  5. զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր.  բնակարանավորում, բուժսպասարկում;
  6. «Վետերենանների և զորացրվող զինծառայողների հարցեր»;
  7. Զոհվածների և հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն:

Իսկ ավելի ուշ՝ արդեն 2018-ի հունվարի 28-ին, ՀՀ նախագահը հայտնել էր, որ այն ընդունվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *