Հունվարի 29-ին Վիլնյուսում Հայաստանը և Լիտվան ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական կրթությունը և վարժանքները, տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը և ռազմաքաղաքական կանոնավոր խորհրդակցությունները:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություններ ձեռքբերվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: