Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, Արցախում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական պատրաստականությանը առնչվող թեմաներով:Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Պարապմունքներին մասնակցել են նաև ՊԲ հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել են միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Գործնականում ներկայացվել է զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման օրինակելի կարգը, անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում գործողությունները, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձնման և պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյուների կազմավորման առանձնահատկությունները:
Նշվում է, որ հաշվի են առնվել նաև այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
Պարապմունքների ավարտին իմի են բերվել և ընդհանրացվել արդյունքները և վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել համապատասխան խնդիրներ: