Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Հունվարի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներին Իրաքի հյուսիսային Զափ, Ավաշին, Բասյան, Հաքուրք շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել է քուրդ զինյալների 8 թիրախ: Թուրքական կողմի պնդմամբ՝ զինյալները փորձել են հարձակվել Իրաքի տարածքից:

Նշենք, որ նույն օրը Թուրքիայի օդուժը հարվածել էր PKK-ի ճամբարներին նաև Քանդիլ և Ասոս լեռների շրջանում՝ հայտնելով 11 թիրախի ոչնչացման մասին:

Թուրքական օդուժը հաճախ է հարվածում քրդական կառույցի դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված զինյալների հիմնական ճամբարներն ու բազաները:

Ներկայում, Թուրքիայի ուժայինները շարունակում են PKK-ի մարտիկների դեմ գործողությունները նաև երկրի տարածքում: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի քրդական ուժերի դեմ Աֆրին շրջանում:

Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման  և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) համարում է PKK-ի սիրիական ճյուղ և «ահաբեկչական կառույցներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *