Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 8-ին հանդիսավոր միջոցառման ժամանակ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական առաջին մեդալ շնորհվեց ԽՍՀՄ հերոս, հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին։
Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սերան Օհանյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, հյուրեր։
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացվեց լեգենդար հետախույզի անցած ուղին։
«Վարդանյանների գործունեության միայն փոքր մասն է այսօր գաղտնազրկված, սակայն բացահայտվածն արդեն իսկ մեծ գործ է և բավարար Գևորգ Վարդանյանին դասելու աշխարհի խոշորագույն հետախույզների շարքում։
Ձեր խմբի կողմից 1943 թվավականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ արվեց բացառիկ մի աշխատանք, որը արմատապես փոխեց ուժերի դասավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դուք մեծ աջակցություն ունեցաք նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին, Արցախյան ազատամարտի, Արցախի անկախության կայացման գործում»,- նշեց Սեյրան Օհանյանը։