Վրաստանում հրամանատարը նվաստացրել է ժամկետային զինծառայողների. Փաստերը «ջրի երես են ելել»

2017-ի հոկտեմբերին Աբխազիայի հետ սահմանին մահացել էր վրացի զինծառայող Բեքա Ռուսիան: Մահվանից 3 ամիս անց Բեքայի ընտանքի անդամները հրապարակել են զինծառայողի հեռախոսից արված կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է հրամանատարը ժամկետայիններին ծեծում և ծաղրում: Կադրերը հրապարակել է վրացական ընդդիմադիր Rustavi 2 հեռուստաընկերությունը:

Քննության նախնական տարբերակով՝ զինծառայողներից մեկը վայր էր գցել ավտոմատը, որից կրակոց է արձակվել ծառայակցի՝ Բեքա Ռուսիայի դեմքին: Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ «անզգուշությամբ մահ պատժառելու» հոդվածով: Ընտանիքի անդամների պնդմամբ, սակայն, ոչ ոք չի պատժվել, իսկ հետո փորձաքննությունը պարզել է, որ կրակոցը արձակվել է Ռուսիայի հրամանատարերից մեկի ծառայողական զենքից:

Մահվանից մեկ շաբաթ առաջ Ռուսիան ընտանիքին էր փոխանցել իր հեռախոսը: Հետագայում ընտանիքի անդամները նրա հեռախոսում հայտնաբերել էին կադրեր, որտեղ զինծառայողները հանգիստ նկարվում էին զենքերով, այդ թվում՝ հրամանատարների ծառայողական զենքերով: Բացի դա, կար նաև տեսանյութ, որտեղ ենթադրաբար հրամանատարներից մեկը ծաղրում էր զինծառայողներից մեկին և ծեծում:

Ըստ հեռուստաընկերության՝ Վրաստանի դատախազությունը արդեն սկսել է նոր փաստերի և նյութերի ստուգումը: Նշենք, որ Բեքա Ռուսիան ծառայում էր Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումներից մեկում որպես ժամկետային զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *