Աֆրինի «տեղեկատվական պայքար». Թուրքիայում սոցցանցերի 310 օգտատեր են ձերբակալել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 22-29-ը Սիրիայի Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողությանը ուղղված և սոցցանցերում «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով» ձերբակալվել է 311 մարդ: Հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ՆԳՆ կայքում:

Թուրքական կողմի թիրախում են մասնավորապես հայտնվել Սիրիայի քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) օգտին սոցցանցերում գրառում իրականացնող և Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները դատապարտող օգտատերերը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հայտարարել էր, որ իրենց համապատասխան կառույցը «մոտիկից հետևում է» սոցցանցերում Աֆրինի գործողության վերաբերյալ կատարվող գրառումներին ու անհրաժեշտության դեպքում «համապատասխան միջոցառումներ կձեռնարկի»:

Թուրքիան սիրիական քրդական ուժերը համարում է «Քրդստանի աշխատավորական կուղակցության» (PKK) սիրիական ճյուղ և «ահաբեկչական կառույցներ»: Ցանկացած գրառում, որը քննադատում է թուրքական զինուժի գործողությունները քրդերի դեմ, համարվում է «ահաբեկչական քարոզչություն»:

Հենց այս առիթից օգտվելով էլ՝ Թուրքիայի իշխանությունները ձերբակալում են նաև իրենց համար անցանկալի մարդկանց՝ լրագրողների, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամների, կուսակցության մի քանի նահանգների և գավառների մասնաճյուղերի ղեկավարների և այլն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Սիրիայի քրդական ուժերի դեմ ԱՖրինում գործողություններ են սկսել հունվարի 20-ից:  Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *