Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում

Հունվարի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում՝ Քանդիլ և Ասոս լեռների շրջանում տեղակայված ճամբարներին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել է PKK-ի 11 թիրախ: Թուրքական կողմը պնդում է, որ քուրդ զինյալները փորձել են հարձակվել թուրք-իրաքյան սահմանին տեղակայված բազաների և զորամասերի վրա:

Նշենք, որ Ասոս լեռները Թուրքիայի սահմանից շուրջ 180 կմ հարավ է: Առաջին անգամ այդ շրջանում PKK-ին թուրքական օդուժը հարվածել էր 2017-ի նոյեմբերի 28-ի լույս գիշերը:

Թուրքական օդուժը հաճախ է հարվածում քրդական կառույցի դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված զինյալների հիմնական ճամբարներն ու բազաները:

Ներկայում, Թուրքիայի ուժայինները շարունակում են PKK-ի մարտիկների դեմ գործողությունները նաև երկրի տարածքում: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի քրդական ուժերի դեմ Աֆրին շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *