Սիրիայի «Ազգային դիալոգ» Սոչիում. Չեն մասնակցի քրդական կարևորագույն ուժը և ընդդիմադիրներ

Հունվարի 30-ին ՌԴ Սոչի քաղաքում կմեկնարկի «Սիրիայի ազգային երկխոսություն» միջոցառումը, որին կմասնակցի նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Թեև ասվում է, որ միջոցառմանը կան քրդեր, բայց չկա քրդական հիմնական ուժը՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD):

Միջոցառումը կազմակերպում են սիրիական հակամարտության հարցով Աստանայի բանակցությունների կազմակերպիչ երկրները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Հենց Թուրքիայի պահանջով «ազգային երկխոսությանը» չկա Սիրիայի քրդական հիմնական ուժը, որն այս պահին փաստացի վերահսկում է Սիրիայի տարածքի ավելի քան 1/3-ը:

«Սիրիայի ազգային երկխոսության» միջոցառման դահլիճը Սոչիում

«Սիրիայի ազգային երկխոսության» միջոցառման դահլիճը Սոչիում

Նկատենք, որ հենց այս պահին արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Թուրքիան նոր ռազմագործողություն է սկսել Սիրիայի տարածքում՝ փորձելով գրավել քրդերի երեք կանտոններից մեկը՝ Աֆրինը:

Միջոցառմանը, որը հայտարարվում էր որպես Սիրիայի բոլոր ազգերի երկխոսության առաջին փորձ, փաստացի հրաժարվել են մասնակացել նաև Սիրիայի «քաղաքական ընդդիմությունը» ներկայացնող որոշ ուժեր:

Ըստ ռուսաստանյան կողմի՝ երկխոսության հիմքում դրված է «միասնական Սիրիայի» պահպանումը, կքննարկվի Սիրիայի ապագա սահմանադրության նախագծի պատրաստման համար ստեղծված փաստաթուղթը: Փաստացի կարող ենք նշել, որ, հաշվի առնելով նման կարևոր ուժերի բացակայությունը, այս հերթական փորձը դժվար թե լուրջ արդյունքների հանգեցնի:

Հավելենք, որ, համաձայն ռուսաստանյան կողմի տարածած տեղեկության, «երկխոսության» մասնակիցների 94.5 տոկոսը արաբներ են, մնացածը՝ քրդեր, եզդիներ, հայեր, ասորիներ, թուրքոմաններ, չերկեսներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ և դրուզներ: Այս ազգերից մի քանիսի դեպքում էլ, իհարկե, այդքան էլ հասկանալի չէ կապը «սիրիական ազգերի երկխոսության» հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *