Հունվարի 27-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը և «Էմամ է զաման» հետախուզական ուժերը երկրի արևմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 հոգանոց խմբի հետ մարտի են բռնվել: Հակաահաբեկչական գործողության արդյունքում զինյալների մեծ մասը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ԻՀՊԿ «Սեփահնյուզ» լրատվակայքը:
Ըստ հաղորդագրության՝ ահաբեկչական խմբի մյուս անդամներին վնասազերծելու գործողությունը դեռևս շարունակվում է: Հակաահաբեկչական գործողության մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել:
[Թարմացում] ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է ԻՊ 16, սպանվել՝ 3 զինյալ, ևս երկուսը դիմել են փախուստի: Գործողության ընթացքում սպանվել է նաև ԻՀՊԿ 3 զինծառայող: Հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։Հարձակումներից հետո Իրանը ահաբեկիչների «որս» է սկսել երկրում։
Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։