Հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող խմբավորումների գործողությունների ընթացքում սպանվել է թուրքական բանակի 3 զինծառայող, «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 11 զինյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիջանը, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նա նաև նշել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում մինչև այժմ վիրավորվել է շուրջ 130 զինծառայող, որից 82-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից և հոսպիտալներից:
Մինչև այժմ քրդերի դեմ գործողություններում սպանված թուրք զինծառայողներն են ավագ լեյտենանտ Օղուզ Քաան Ուստան և ենթասպա Մուսա Օզալքանը, պրոֆեսիոնալ սերժանտ Մեհմեթ Մուրաթդաղըն (1, 2, 3):
Թուրքիան պաշտոնապես հունվարի 20-ից ռազմագործողություն է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական ուժերի դեմ: Գործողությանը զուգահեռ Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, ովքեր մեղադրվում են «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու համար»: