Մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ գյուղ և մշտապես բնակություն հաստատել: 17 բնակելի տուն՝ համապատասխան գույքով և անհրաժեշտ սարքավորումներով պատրաստ է շահագործման, դրանցից մեկն արդեն մշտապես բնակեցված է: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարության կայքը:
ՀՀ տեղափոխված թալիշցի մի քանի ընտանիքներ նույնպես հետ վերադառնալու ցանկություն են հայտնել: Այդ նպատակով նախատեսվում է ևս 10 տան շինաշխատանքներ, որոնցից 2-ն արդեն ընթացքի մեջ են:
Ավարտվել են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքները, դրանց գույքը ևս պատվիրված է և մոտ ժամանակներս տեղադրվելու և շահագործման են հանձնվելու: Աշխատանքներ են տարվում մանկապարտեզի և դպրոցի շենքերի կառուցման ուղղությամբ: Ուշադրություն է դարձվում բնակչության անվտանգության խնդրին:
Տեղացիների համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: Համայնքի կենտրոնական փողոցի աշխատանքները ևս սկսված են: Ամբողջովին փոխվել է նաև Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցերը: Գյուղի համար առկա են հասարակական նշանակության օբյեկտները:
Մի շարք շինարարական, ինժեներական աշխատանքներ են կատարվել սահմանի ողջ երկայնքով, որոնք միտված են զինվորների ծառայողական և կենցաղային պայմանների ապահովմանը, ինչպես նաև անվտանգության աստիճանի բարձրացմանը։
2017-ին սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 553 մլն 449 հազար դրամ: Եվս 91 մլն 837 հազար դրամ հատկացվել է գույքի գնման համար, իսկ 80 մլն 259 հազար դրամ ծախսվել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով:
2017-ի նոյեմբերի վերջին Արցախի քաղաքաշինության նախարարը հայտնել էր, որ մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:
2017-ի հունիսին Թալիշի գյուղապետը հայտնել էր, որ մինչ Ապրիլյան պատերազմը Թալիշում մշտական ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակիչ, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ։ 37 ընտանիք՝ 140 բնակիչ ապրում է Ալաշան համայնքում։
Թալիշ գյուղի և Ալաշանում բնակվող թալիշեցիների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: