Թուրքիայի վարչապետը քիչ առաջ հայտարարեց, որ իրենք «մոտիկից հետևում են» Աֆրին գործողության վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին, ու անհրաժեշտության դեպքում միջամտում: Թուրքիայի համապատասխան մարմինը հետաքննում է դեպքերը, տվյալներն ուղարկում դատարան: Թուրքիայի վարչապետի հայտարարությունն ուղիղ եթերում փոխանցում է «Հաբեր թյուրք» առցանց հեռուստաընկերությունը:
Ըստ թուրքական կողմի՝ իրենք հայտնաբերում են Թուրքիայի տարածքից կատարված գրառումները, ուղարկում դատարան, անհրաժեշտության դեպքում որոշում սառեցնել տվյալ հաշիվը և ընթացք տալ հետագա քննությանը:
Թուրքիան հաշիվները սառեցնելու համար դիմում է խոշոր սոցիալական ցանցերին՝ Facebook, Twitter և YouTube: Ըստ հաղորդագրության, թեև ուշ, բայց այդ սոցիալական ցանցերը արձագանքում են իրենց դիմումներին: Իսկ եթե չարձագանքնեն՝ Թուրքիան սպառնում է «համապատասխան գործողություններ ձեռնարկել»:
Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես հունվարի 20-ից ռազմագործողություն է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական ուժերի դեմ: Գործողությանը զուգահեռ Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ մարդիկ՝ «ահաբեկչական քարոզչություն տանելու» համար:
Աֆրինի գործողության հետ կապված մանրամասները՝ այստեղ: