Արտասահմանի ուսումնարաններում սովորողները ևս մինչև 19 տարեկանը տարկետում կստանան. նախագիծ

«Զինծառայության մասին» ՀՀ օրենքի հնարավոր փոփոխությամբ տարկետում կտրվի ոչ միայն Հայաստանում, այլև նաև այլ երկրներում հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորող անձանց: Օրենքում լրացում կատարելու նախագիծը այսօր քննարկվել է կառավարության նիստի ընթացքում:

Այս զորակոչիկներին տարկետում կտրվի մինչև 19 տարեկանը լրանալը: Փոփոխությունն առաջարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Օրենքի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ ներկայում պարտադիր զինծառայության ենթակա բազմաթիվ քաղաքացիներ բնակվում են Հայաստանից դուրս և ուսանում են տվյալ երկրի հանրակրթական և նմանատիպ կրթական ծրագրերում.

«Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում կրթություն ստացող ՀՀ քաղաքացու զորակոչային տարիքը լրանում է նախքան հանրակրթական ծրագրի ավարտը և քաղաքացին ակամայից խուսափում է զորակոչից կրթությունն ավարտելու պատճառով»:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման պարագայում կերաշխավորվի ՀՀ քաղաքացիների կրթություն ստանալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը անկախ կրթական հաստատության գտնվելու վայրի, կնպաստի պարտադիր զինծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը, ինչպես նաև կկարգավորվի օտարերկրյա պետություններում հանրակրթական հաստատություններում սովորող զորակոչի ենթակա քաղաքացիների տարկետում ստանալու իրավունքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *