ԵԱՀԿ դիտարկում Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ

Հունվարի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Ըստ հաղորդագրության՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել տեսողական կապ հատատել շփման գծի երկու կողմերում դիտարկում իրականացնող խմբերի միջև։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ դիտարկումն անցնել է առանց միջադեպերի:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Նշենք, որ հունվարի 24-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Կողմերը քննարկել են շփման գծում առկա իրավիճակը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները կանխել են Արցախի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *