Հունվարի 25-ի նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է, համաձայն ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների, կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվել է Անվտանգության խորհրդի: Ամրագրվել է, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
Բացի այդ, 2015 թ. փոփոխություններով սահմանվել է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հատվածներ ԱԽ մասին օրինագծից՝
Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
1. Անվտանգության խորհրդի անդամներն են`
- վարչապետը.
- առաջին փոխվարչապետը.
- փոխվարչապետները.
- Անվտանգության խորհրդի քարտուղարը.
- պաշտպանության նախարարը.
- արտաքին գործերի նախարարը.
- ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
- ոստիկանության պետը.
- զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 6 անդամ: Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում և դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:
Օրինագծից հավելյալ մանրամանսեր՝ այստեղ:
Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը պետք է ներկայացնի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԽ-ն գլխավորում էր ՀՀ նախագահը: Ելնելով սահմանադրական փոփոխություններից՝ այդ իրավասությունը փոխանցվում է ՀՀ վարչապետին: Բացի այդ, ավելացվում են արդեն «անվտանգության խորհրդի» վերանվանվող կառույցի լիազորություննները, մասնակվորապես՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման մասով:
Հիշեցնենք, որ 2016 թ. ՀՀ նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով ԱԱԽ-ին աստիճանաբար պետք է տրվեր սահմանադրական կառույցի կարգավիճակ: