Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանում կքննարկեն պահեստազորի նոր հայեցակարգ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է նոր հայեցակարգի մշակմամբ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նոր հայեցակարգը ենթադրում է պահեստազորի երեք բաղադրիչի առկայություն՝
- Բանակային պահեստազոր,
- Տարածքային պահեստազոր,
- Մասնագետների պահեստազոր:
Այս հայեցակարգը դեռևս 2016 թ. մարտին առաջ էր քաշել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին: Նա նշում էր, որ նախագիծը պետք է իրականացվեր մինչև 2016 թ. աշուն:
Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ գործող պահեստազորի համակարգը կարիք ունի լուրջ վերափոխումների և կատարելագործման:
«Մեր երկրի համար շատ կարևոր է պահեստազորի ուժեղ համակարգը: Նոր հայեցակարգը, որը մշակվել է, ենթադրում է Վրաստանի քաղաքացիների ներգրավումը ընդհանուր (տոտալ) պաշտպանությանը, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսի օպտիմալ օգտագործում», – հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ՊՆ-ն, պահեստազորի նոր համակարգի պիլոտային տարբերակը պետք է ներդրվի արդեն 2018 թվականից: