Հայաստանում ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում շարունակվող մեկամսյա վարժանքների ընթացքում խաղարկել են ընթացքից պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու գործողություններ: Այս մասին Ռազմինֆոյին հունվարի 25-ին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Վարժանքներն անցկացվում են մոտոհրաձգային ստորաբաժանումների դաշտային ելքի շրջանակներում: Ստորաբաժանումները խաղարկում են բարդ տեղանքում հնարավորինս մարտական պայմաններին մոտեցված մարտավարական գործողություներ:
Շուրջ 2 հազար մետր բարձրության վրա գտնվող զորավարժարանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում կմշակեն հրաձգային զինատեսակներից, զինտեխնիկայի հաստիքային զենքերից, տանկերից, այդ թվում՝ ընթացքից, կրակի վարման գործողություններ:
Տանկերի անձնակազմերը և մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները նաև խաղարկում են գաղտնի տեղաշարժման գործողություններ, կրակային դիրքերի կահավորում և քողարկում:
Դաշտային ելքին ներգրավվել են շուրջ 500 զինծառայող, ավելի քան 100 միավոր զինտեխնիկա: