Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թ. էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ռազմագործողությունը: Թրամփը Էրդողանին զգուշացրել է սահմանափակել գործողությունները և խուսափել ամերիկյան ու թուրքական զորքերի միջև կոնֆլիկտային ռիսկի բերող ցանկացած գործողությունից: Հեռախոսազրույցի մանրամասները հայտնում է Սպիտակ Տան կայքը:
Դոնալդ Թրամփը անհանգստություն է հայտնել, որ Սիրիայի Աֆրինում բռնության սրացումը «խարխլում է իրենց ընդհանուր նպատակները Սիրիայում»: Նա Թուրքիային կոչ է արել գնալ ապաէսկալացման, սահմանափակել իրենց ռազմագործողությունը, խուսափել քաղաքացիական զոհերից, փախստականների և տեղահանված անձանց աճից:
«Նա հորդորեց Թուրքիային գործել զգույշ և կանխել ցանկացած գործողություն, ինչը կարող է բերել հակամարտության ամերիկյան և թուրքական ուժերի միջև», – նշված է Սպիտակ Տան հաղորդագրությունում:
Թրամփը մեկ անգամ ևս կրկնել է, որ բոլորը իրենց ուշադրությունը պետք է սևեռեն համատեղ նպատակների վրա, այն է՝ «Իսլամական պետության» վերջանական ջախջախում:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Թուրքիան պաշտոնապես խոշոր ռազմագործողություն է սկսել Սիրիայի Աֆրինում՝ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ:
Մի քանի օր շարունակվող բախումների արդյունքում Թուրքիան Աֆրինում մի քանի գյուղ է գրավել: Գործողություները բավականին դանդաղ են ընթանում՝ փոփոխական հաջողությամբ: Քրդական կողմի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների արդյունքում նաև քաղաքացիականներ են մահանում:
Աֆրինի գործողության հետ կապված մանրամասները՝ այստեղ: