Աֆրինում թուրքերի կողմից կկռվի հայտնի ահաբեկիչ Մուրադ Մարգոշվիլին. Պնդում է թուրքական թերթը

Հունվարի 22-ին թուրքական Yeni Akit պարբերականի կայքը «մեծ հպարտությամբ» հայտնել էր,ո ր Սիրիայի Աֆրինում Թուրքիայի կողմից կկռվի Մուսլիմ աշ-Շիշանին: Իրականում խոսքը հայտնի ահաբեկիչ Մուրադ Մարգոշվիլիի մասին է, ով թուրքական մերձիշխանական կայքում ներկայացվում է որպես «հերոս»:

Թուրքական կայքում նշվում է, որ Մարգոշվիլին «արդեն 3 տարի է Սիրիայում կռվում է Ասադի դեմ». Իրականում նա անդամակցել է սիրիական մի շարք ահաբեկչական կառույցների:

Մուրադ Մարգոշվիլի (Մուսլիմ աշ-Շիշանի)

Մուրադ Մարգոշվիլի (Մուսլիմ աշ-Շիշանի)

Նշենք, որ տեղեկությունը առայժմ որևէ այլ աղբյուրով չի հաստատվել. հաշվի առնելով նաև Yeni Akit-ի տխուր համբավը՝ չի բացառվում, որ սա հերթական հորինվածքն է: Սակայն այստեղ ուշադրության է արժանի հենց այն փաստը, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած կայքը Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողության համատեքստում նման տեղեկություն է տարածում:

Նշենք, որ Մարգոշվիլին ծագումով Վրաստանի Պանկիսիի կիրճից է: Վերջին տարիներին Սիրիայում անդամակցել է ահաբեկչական «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորմանը: 2017 թ. օգոստոսին Մարգոշվիլին ներառվել է Վրաստանի ահաբեկիչների ցուցակում: Իսկ ամերիկյան ցուցակում Մարգոշվիլիի անունը հայտնվել էր դեռևս 2014թ.:

Սիրիայում Մարգոշվիլին ղեկավարում էր «Ջունդ աշ-Շամ» խմբավորումը, որտեղ կռվում են հետխորհրդային երկրներից գնացած ահաբեկիչներ: Այս խմբավորումը ենթարկվում է փաստացի Ալ-Կաիդայի սիրիական ճյուղ «Ալ-Նուսրային»: Կան նաև որոշակի տեղեկություններ, որ երիտասարդ հասակում Մարգոշվիլին հասցրել է կռվել Չեչնիայի իսլամական խմբերի կազմում:

Երիտասարդ Մուրադ Մարգոշվիլին և Շամիլ Բասաևը

Երիտասարդ Մուրադ Մարգոշվիլին և Շամիլ Բասաևը

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Նշենք, որ Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի իշխանությունները քրդական այս ուժերին համարում են «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Իրադրությունն Աֆրինում հունվարի 22-23-ի դրությամբ՝ ըստ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *